ԱՄՆ զինված ուժերը Իրանից բխող հնարավոր սպառնալիքի պատճառով Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ռազմաօդային բազայից տարհանել են մի քանի ռազմական ինքնաթիռ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ երկուշաբթի առավոտյան երկու լիցքավորող ինքնաթիռ ուղղվել է Գերմանիա, իսկ օրվա ընթացքում ԱՄՆ-ի ևս մի քանի լիցքավորող ինքնաթիռներ տեղափոխվել են Գերմանիա և այլ վայրեր։ Սպառնալիքի բնույթն ու մանրամասները դեռ քննարկվում են ամերիկացի պաշտոնյաների միջև։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել ինքնաթիռների տեղափոխությունը՝ նշելով, որ օդանավերը տարբեր պատճառներով պարբերաբար տեղափոխվում են ռազմաբազաների և օպերատիվ տեղակայման վայրերի միջև։
Սա վերջին ամիսներին Մեծ Բրիտանիայի երկրորդ ռազմաբազան է, որտեղից ԱՄՆ-ը տարհանում է իր ռազմական ինքնաթիռները։ Հոկտեմբերի սկզբին RAF Fairford բազայից դուրս էին բերվել ամերիկյան B-1 ռմբակոծիչները՝ ԱՄՆ օդաչուների և ինքնաթիռների դեմ Իրանի աջակցությամբ հնարավոր հարձակման մտավախությունների պատճառով։
Ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիայի այն ռազմաբազաները, որոնք ԱՄՆ-ն օգտագործել է Իրանի դեմ հարվածներ հասցնելու համար, կարող են դառնալ պատասխան հարվածների թիրախ։
The Wall Street Journal-ի տվյալներով՝ Իրանի սպառնալիքների վերաբերյալ տեղեկացվել են նաև ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ղեկավարները։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երկուշաբթի հայտնել է, որ սպառնալիքին արձագանքում են՝ մարդկանց հեռացնելով վտանգավոր գոտիներից։
Բացի այդ, RAF Mildenhall և RAF Lakenheath ռազմաբազաներում անվտանգության մակարդակը բարձրացվել է մինչև FPCON Charlie աստիճան։ Այդ միջոցը կիրառվում է, երբ հետախուզական տվյալները վկայում են ահաբեկչական գործողության հավանականության մասին։