Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում կառուցված հուշահամալիրի տարածքում նախատեսվում է տեղադրել ԲՌԴՄ-2Ս-1 տեսակի զրահատեխնիկայի կմախքը, որը Պաշտպանության նախարարությունը պատրաստվում է նվիրաբերել համայնքին։ Ինչպես տեղեկանում է Iravaban.net-ը, համապատասխան նախագիծն ընդգրկված է Կառավարության որոշումների նախագծերի փաթեթում։
Ի՞նչ փոփոխություն է նախատեսվում
Նախագծով առաջարկվում է ՊՆ-ի հաշվեկշռում գտնվող ԲՌԴՄ-2Ս-1 տեսակի զրահատեխնիկան նվիրաբերել Մարտունի համայնքին՝ հուշահամալիրի տարածքում տեղադրելու նպատակով։
Ինչո՞ւ է գույքը հանձնվելու համայնքին
Նախագծի հիմնավորման համաձայն՝ համայնքի ղեկավարը դիմել է Պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել չօգտագործվող զրահատեխնիկա՝ հուշահամալիրում կազմակերպվող հանդիսություններին ռազմահայրենասիրական երանգ հաղորդելու նպատակով։
Նշվում է, որ նախարարությունում առկա զրահատեխնիկան ճանաչվել է ոչ պիտանի, դուրս է գրվել և կազմաքանդվել։ Ներկայումս պահպանվել է միայն դրա իրանը՝ կմախքը։
Պաշտպանության նախարարությունը նպատակահարմար է համարել նշված գույքը նվիրաբերել համայնքին։ Հիմնավորման համաձայն՝ կազմաքանդման արդյունքում այն այլևս պաշտպանական նշանակություն չունի և նախատեսված չէ գաղտնի աշխատանքների կատարման համար։
Որքա՞ն է գույքի արժեքը
Նախագծի համաձայն՝ զրահատեխնիկայի մնացորդային արժեքը գնահատվել է 2 մլն 625 հազար դրամ։
Ի՞նչ ազդեցություն կունենա պետական բյուջեի վրա
Նախագծի ընդունումը 2025-2026 թվականների պետական բյուջեներում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնի և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխություններ չի նախատեսում։
Նշենք, որ նախագիծը ներկայացվել է Կառավարության քննարկմանը։