November 7, 2026
Lurer 760235 Facebook image

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում հաղթող կողմ, հավանաբար, չի լինի։ Այս մասին նա հայտարարել է նիդեռլանդական Pauw & De Wit թոք-շոուի ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Bloomberg-ը։

«Ես չեմ կարծում, որ դա շատ հավանական է։ Նման պատերազմները միշտ ավարտվում են խաղաղության համաձայնագրով, որը հաճախ որոշակի փոխզիջում է ենթադրում»,- ասել է Ռյուտեն։

Նա ընդգծել է, որ Եվրոպան պետք է զգոն մնա Ռուսաստանի նկատմամբ նույնիսկ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո։ Նրա խոսքով՝ ներկայում ռուսական սպառնալիքը Եվրոպայի սահմաններին ուղղակիորեն չի դրսևորվում, քանի որ ռուսական զինուժի զգալի մասը զբաղված է Ուկրաինայում։ Սակայն պատերազմի ավարտից հետո այդ զինուժն այլևս այնտեղ չի լինի։

Ռյուտեն նաև «մեծ հիացմունք» է հայտնել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու նկատմամբ՝ նշելով, որ իրենք ամեն շաբաթ զրուցում են։

Միաժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարևորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև լավ հարաբերությունների պահպանումը։

Անդրադառնալով Թրամփի և Պուտինի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությանը, որով Ռուսաստանը պետք է ԱՄՆ-ին դիզելային վառելիք մատակարարի, Ռյուտեն նշել է, որ այդ գործարքի մասին հայտարարությունը եվրոպական դաշնակիցների շրջանում անհանգստություն է առաջացրել։

«Ես հասկանում եմ դա, ինքս էլ զարմացա»,- ասել է նա՝ միաժամանակ նշելով, որ Եվրոպան այս տարի Ռուսաստանից մեծ քանակությամբ հեղուկ բնական գազ է գնել՝ ավելի շատ, քան կարող է ապահովել դիզելային վառելիքի հիշյալ գործարքը։

«Եվրոպան էլ, ի վերջո, սուրբ չէ»,- հավելել է Ռյուտեն։

ԱՄՆ-ի և Իրանի հակամարտության վերաբերյալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Թրամփի վճռականությունը՝ կանխելու Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը։

Նրա խոսքով՝ Եվրոպայի համար կարևոր է, որ վերացվեն Իրանի միջուկային սպառնալիքը և բալիստիկ հրթիռների վտանգը, քանի որ այդ հրթիռները կարող էին հասնել մինչև Կոպենհագեն և Լոնդոն։ Ռյուտեն նշել է, որ Եվրոպան ինքնուրույն չէր կարող լուծել այդ խնդիրը։

«Բոլոր ռիսկերը չեն վերացել, սակայն Իրանի միջուկային հնարավորությունները զգալիորեն թուլացել են»,- ընդգծել է նա։

ԱՄՆ միջանկյալ ընտրություններին անդրադառնալով՝ Ռյուտեն հայտնել է, որ քվեարկությունից հետո Թրամփին կարճ հաղորդագրություն է ուղարկել՝ հորդորելով նրան գլուխը բարձր պահել և շարունակել առաջ շարժվել։