November 6, 2026
Lurer 760283 Facebook image

Ես անկեղծ կլինեմ ձեզ հետ, առնվազն այսօրվա մասով ընտրության ելքը ինձ համար անկանխատեսելի չէր։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր ՍԴ դատավոր ընտրվեց Վլադիմիր Վարդանյանը։

«Ես մի ես իմ էությամբ այնպիսին չեմ, որ նստեմ, փորփորեմ, ինչ-որ բաներ հայթայթեմ և այդ տեղեկությունները այս կամ այն չափով խեղաթյուրելով շրջանառեմ։ Ես ընդամենը մի նախադասություն կասեմ և սրանով կավարտեմ, արդյո՞ք սա էր 2020 թվականի հունիսին տեղի ունեցած սահմանադրության փոփոխության վերջնանպատակը։ Ես չեմ ուզում հավատալ սրան անձնապես, բայց առկա իրողությունները ստիպում են հաշվի նստել իրենց հետ»,–ասաց նա։

Հարցին՝ նկատի ունեք ՔՊ–ից հնչող այն անհանգստությունները և քննադատությունը նույն Հրայր Թովմասյանի մասով և Սահմանադրական դատարանի նախագահ կուսակցական դառնալու մասո՞վ, Շաթիրյանը պատասխանեց. «Կարծում եմ առավել քան հստակ մի նախադասությամբ ձևակերպեցի ինչ նկատի ունեմ, այս պահին լրացուցիչ մեկնաբանությունների անհրաժեշտություն չեմ տեսնում։ Այլ խոսքերով, թույլ տվեք ավարտեմ, շուրջ վեց և կես տարի անց մենք ունեցանք դարձ ի շրջանս յուր»։

Նա ընդգծեց, որ կմնա ՍԴ դատավոր չի լինի ՍԴ փոխնախագահ. «Հաշվի առնելով այն, որ փաստվեցին ձևավորված իրողությունները, ես անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավարումը որպես Սահմանադրական դատարանի փոխնախագահ, և կարծում ես քայլս միանգամայն տրամաբանական էր»։

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք ինքը տեղեկություններ ունի, որ ՍԴ նախագահի ընտրության ժամանակ ճնշումներ են եղել իշխանության կողմից, Շաթիրյանը պատասխանեց. «Առնվազն իմ մասով, իմ տեսակը հաշվի առնելով, ինձ փոքրի շատը ճանաչողները կփաստեն, որ ես ճնշվողներից չեմ։ Ես ավելի քան վեց տարի է պաշտոնավարում եմ որպես դատավոր, իմ գործունեության մասով և իմ անձի երբևէ ճնշում չի եղել, չկա և չի էլ կարող լինել: Ինչ վերաբերում է հնարավոր մեկնաբանություններին, ասացի այն, ինչ ասացի, մնացածը ինչպես կընկալվի, կմեկնաբանվի, արդեն առանձին հարց է»։