November 7, 2026
Lurer 760493 Facebook image

Կլիմայի փոփոխության հետևանքով հալվող սառցադաշտերը բացահայտում են հազարավոր տարիներ սառույցի տակ պահպանված պատմական գտածոներ։ Դրանց թվում են հնագույն մարդու մումիա, վիկինգների ճանապարհ և նույնիսկ սառած անտառներ։

Ամենահայտնի գտածոներից մեկը 1991 թվականին Ալպերում հայտնաբերված «Էցին» է։ Սկզբում զբոսաշրջիկները կարծել էին, թե գործ ունեն վերջերս մահացած մարդու մարմնի հետ, սակայն հետազոտությունները պարզել են, որ մումիան շուրջ 5300 տարեկան է։ Գիտնականները կարողացել են ուսումնասիրել նրա դաջվածքները, սննդակարգը և ուսի մեջ մնացած նետի ծայրակալը, որը վկայում է, որ նա սպանվել է։

Հնագիտական կարևոր բացահայտում է կատարվել նաև Նորվեգիայում, որտեղ հալվող սառույցի տակից հայտնաբերվել է վիկինգների ժամանակաշրջանի հնագույն ճանապարհ։ Դրա երկայնքով գտնվել են առնվազն 2000 տարվա հնություն ունեցող առարկաներ՝ դահուկներ, կոշիկներ, ձեռնոցներ, ձիերի հանդերձանքի մասեր, մանկական խաղալիքներ և զենքեր։

Գիտնականների տվյալներով՝ 2000-2023 թվականներին աշխարհի սառցադաշտերը տարեկան միջինում կորցրել են շուրջ 270 միլիարդ տոննա սառույց։ Դրա հետևանքով բացահայտվում են անցյալի հետքեր, որոնք հազարամյակներ շարունակ պահպանվել են սառցե շերտերի տակ։