November 7, 2026
Lurer 760488 Facebook image

89 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր և Արևմտյան Վիրջինիայի նախկին նահանգապետ Ջեյ Ռոքֆելլերը՝ հայտնի Ռոքֆելլերների ընտանիքի ներկայացուցիչը։ Նա մահացել է հինգշաբթի երեկոյան՝ Վաշինգտոնի իր տանը։

Ջոն Դ. Ռոքֆելլեր IV-ը շուրջ կես դար զբաղվել է պետական գործունեությամբ։ 1964 թվականին նա տեղափոխվել է Արևմտյան Վիրջինիա՝ աղքատության դեմ պայքարի ծրագրում աշխատելու նպատակով։ 1976 թվականին ընտրվել է նահանգապետ և պաշտոնավարել երկու ժամկետ, իսկ 1984 թվականին դարձել ԱՄՆ սենատոր՝ այդ պաշտոնում մնալով 30 տարի։

Սենատում Ռոքֆելլերը զբաղվել է սպառողների իրավունքների պաշտպանությամբ, առողջապահության, տրանսպորտի և կապի ենթակառուցվածքների զարգացման հարցերով։ Նա նաև մասնակցել է Երեխաների առողջության ապահովագրության ծրագրի ստեղծմանը, որն աջակցում է ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին։

Ռոքֆելլերը սերում էր ԱՄՆ ամենահարուստ ընտանիքներից մեկից։ Նրա նախապապը «Standard Oil» ընկերության հիմնադիր Ջոն Ռոքֆելլերն էր։ Չնայած ընտանիքի հանրապետական ավանդույթներին՝ նա քաղաքական գործունեություն է ծավալել Դեմոկրատական կուսակցության շրջանակում։

2015 թվականին քաղաքականությունից հեռանալուց հետո Ռոքֆելլերը հայտարարել էր, որ իր պետական ծառայությունը համարում է կյանքի ամենաարժեքավոր ձեռքբերումներից մեկը։