November 6, 2026
Lurer 760284 Facebook image

ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատական հայց է ներկայացրել Փենսիլվանիայի Փեն Սթեյթ համալսարանի դեմ՝ վիճարկելով անօրինական ներգաղթյալ ուսանողների համար նահանգի բնակիչներին սահմանված ուսման վարձի կիրառումը։ Այս քայլը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ անօրինական ներգաղթի դեմ լայնածավալ պայքարի մի մասն է. գրում է Associated Press-ը։

ԱՄՆ-ում նախկինում շուրջ երկու տասնյակ նահանգներ նման արտոնություններ էին տրամադրում։ Սակայն անցյալ տարի Թրամփի վարչակազմի սկսած դատական գործընթացներից հետո մի շարք նահանգներ, այդ թվում՝ Կենտուկին, Իլինոյսը, Նեբրասկան, Օկլահոման, Տեխասը, Կանզասը և Ֆլորիդան, հրաժարվել են այդ քաղաքականությունից։ Վերջին շրջանում դաշնային իշխանությունների ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև առանձին համալսարաններ։ Անցյալ ամիս հայց էր ներկայացվել Դելավերի համալսարանի դեմ։

Դաշնային կառավարությունը պնդում է, որ ԱՄՆ օրենսդրությունն արգելում է նահանգներին արտոնյալ պայմաններ տրամադրել երկրում անօրինական կարգավիճակով գտնվող ներգաղթյալներին՝ անկախ այն հանգամանքից, թե նրանք բավարարում են նահանգի բնակության պահանջներին, թե ոչ։

Արդարադատության նախարարության պաշտոնյա Սթենլի Վուդվորդը հայտարարել է, որ գերատեսչությունը շարունակելու է պայքարը պետական և համալսարանական այն քաղաքականությունների դեմ, որոնք, իր գնահատմամբ, արտոնություններ են տալիս անօրինական ներգաղթյալներին՝ ի վնաս ԱՄՆ քաղաքացիների։

Սակայն այդ արտոնությունների կողմնակիցները հակադարձում են, որ դրանք չեն խախտում դաշնային օրենքը, եթե նույն պայմանները գործում են նաև տվյալ նահանգի քաղաքացիների համար, որոնք բնակվում են այնտեղ և ավարտել են նահանգի դպրոցներից մեկը։ Նրանց խոսքով՝ ուսանողներից շատերը մանկուց են տեղափոխվել ԱՄՆ՝ ծնողների հետ, և լիարժեքորեն ինտեգրված են իրենց համայնքներին։

Փեն Սթեյթ համալսարանում սովորում է շուրջ 86 հազար ուսանող։ Համալսարանի ներկայացուցիչը հայտնել է, որ հաստատությունը տեղյակ է հայցի մասին և ուսումնասիրում է այն։