November 10, 2026
Lurer 760742 Facebook image

Նոյեմբերի 9-ը Հայաստանի նորագույն պատմության ամենածանր ու ողբերգական էջերից մեկն է։ Այս մասին ասվում է անազատության մեջ գտնվող «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառման մեջ։

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմի ընթացքում հայ ժողովուրդը պայքարել է հանուն հայրենիքի, սակայն երկրի ղեկավարության թույլ տված ճակատագրական սխալները հանգեցրել են ծանր կորուստների և պարտության։

Կարապետյանը նշել է, որ պատերազմից հետո Հայաստանը դեռևս ուներ բանակցային հնարավորություններ, որոնց ճիշտ օգտագործման դեպքում հնարավոր կլիներ պահպանել Արցախը, խուսափել Բաքվում հայ գերիների հայտնվելուց և պահպանել երկրի տարածաշրջանային դիրքերը։

«Սակայն այդ հնարավորությունները մսխվեցին։ Եվ այսօր Ադրբեջանը շարունակում է պայմաններ թելադրել Հայաստանին՝ ընդհուպ միջամտելով Հայաստանի ներքին գործերին և պահանջելով փոխել մեր Սահմանադրությունը»,- ասվում է գրառման մեջ։

Կարապետյանի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը պետական շահի պաշտպանության փոխարեն միակողմանի զիջումների վրա հիմնված քաղաքականության հետևանք է։

Նա ընդգծել է ազգային համախմբման անհրաժեշտությունը՝ վստահեցնելով, որ անկախ գտնվելու վայրից՝ պայքարը շարունակվելու է հանուն անկախ Հայաստանի, ազգային արժանապատվության և գալիք սերունդների անվտանգ ապագայի։

Գրառման ավարտին Կարապետյանը հարգանքի տուրք է մատուցել զոհված զինծառայողների հիշատակին՝ նշելով, որ նրանց սխրանքը և ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությունը պարտավորեցնում են շարունակել պայքարը։