November 10, 2026
pashtpanutyan-պաշտպանության-պն-440x293-1
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում կառուցված հուշահամալիրի տարածքում նախատեսվում է տեղադրել ԲՌԴՄ-2Ս-1 տեսակի զրահատեխնիկայի կմախքը, որը Պաշտպանության նախարարությունը պատրաստվում է նվիրաբերել համայնքին։ Ինչպես տեղեկանում է Iravaban.net-ը, համապատասխան նախագիծն ընդգրկված է Կառավարության որոշումների նախագծերի փաթեթում։ Ի՞նչ փոփոխություն է նախատեսվում Նախագծով առաջարկվում է ՊՆ-ի հաշվեկշռում գտնվող ԲՌԴՄ-2Ս-1 տեսակի զրահատեխնիկան նվիրաբերել Մարտունի համայնքին՝ հուշահամալիրի տարածքում տեղադրելու նպատակով։ Ինչո՞ւ է... Read more »

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում կառուցված հուշահամալիրի տարածքում նախատեսվում է տեղադրել ԲՌԴՄ-2Ս-1 տեսակի զրահատեխնիկայի կմախքը, որը Պաշտպանության նախարարությունը պատրաստվում է նվիրաբերել համայնքին։ Ինչպես տեղեկանում է Iravaban.net-ը, համապատասխան նախագիծն ընդգրկված է Կառավարության որոշումների նախագծերի փաթեթում։

Ի՞նչ փոփոխություն է նախատեսվում

Նախագծով առաջարկվում է ՊՆ-ի հաշվեկշռում գտնվող ԲՌԴՄ-2Ս-1 տեսակի զրահատեխնիկան նվիրաբերել Մարտունի համայնքին՝ հուշահամալիրի տարածքում տեղադրելու նպատակով։

Ինչո՞ւ է գույքը հանձնվելու համայնքին

Նախագծի հիմնավորման համաձայն՝ համայնքի ղեկավարը դիմել է Պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել չօգտագործվող զրահատեխնիկա՝ հուշահամալիրում կազմակերպվող հանդիսություններին ռազմահայրենասիրական երանգ հաղորդելու նպատակով։

Նշվում է, որ նախարարությունում առկա զրահատեխնիկան ճանաչվել է ոչ պիտանի, դուրս է գրվել և կազմաքանդվել։ Ներկայումս պահպանվել է միայն դրա իրանը՝ կմախքը։

Պաշտպանության նախարարությունը նպատակահարմար է համարել նշված գույքը նվիրաբերել համայնքին։ Հիմնավորման համաձայն՝ կազմաքանդման արդյունքում այն այլևս պաշտպանական նշանակություն չունի և նախատեսված չէ գաղտնի աշխատանքների կատարման համար։

Որքա՞ն է գույքի արժեքը

Նախագծի համաձայն՝ զրահատեխնիկայի մնացորդային արժեքը գնահատվել է 2 մլն 625 հազար դրամ։

Ի՞նչ ազդեցություն կունենա պետական բյուջեի վրա

Նախագծի ընդունումը 2025-2026 թվականների պետական բյուջեներում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնի և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխություններ չի նախատեսում։

Նշենք, որ նախագիծը ներկայացվել է Կառավարության քննարկմանը։