Ամերիկյան չիպեր արտադրող խոշորագույն ընկերություններից մեկը՝ Nvidia-ն, հայտարարել է անկախ հետաքննություն սկսելու մասին՝ կապված ընկերության ղեկավար Ջենսեն Հուանգի՝ Չինաստանի հատուկ ծառայությունների հետ հնարավոր կապ ունեցող կնոջ հետ սիրավեպի մասին հրապարակումների հետ։
Ինքը՝ Հուանգը, խոստովանել է, որ արտաամուսնական կապ է ունեցել և հայտնել է, որ պատրաստ է համագործակցել հետաքննության հետ։
Nvidia-ից նշել են, որ տնօրենների խորհուրդն այս պահին հիմքեր չունի ենթադրելու, թե ընկերության գաղտնի տեղեկություններ են արտահոսել կամ ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնալիք է առաջացել։ Միաժամանակ ընկերությունը հայտնել է, որ Հուանգը շարունակելու է զբաղեցնել ղեկավարի պաշտոնը։
The New York Times-ի հրապարակման համաձայն՝ Հուանգը սիրավեպ է ունեցել Էլիս Հուանգ անունով կնոջ հետ, որը նրա ազգականը չէ։ Վերջինս կապված է Սինգապուրում գործող Megaspeed ընկերության հետ, որը կառավարում է տվյալների կենտրոններ և Nvidia-ից չիպեր է գնում։
Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ հատուկ ծառայությունները հետևել են Էլիս Հուանգին, որը հայտնի է նաև Հուանգ Լե անունով, և եկել այն եզրակացության, որ նա գործել է Չինաստանի կառավարության հանձնարարությամբ։
Nvidia-ի տնօրենների խորհուրդը հայտարարել է, որ հետաքննության շրջանակում կուսումնասիրվեն բոլոր հասանելի տեղեկությունները՝ պարզելու հնարավոր օտարերկրյա հետախուզական միջամտության հանգամանքները։