ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Դոնալդ Թրամփի վարչակազմին վերսկսել Տեխաս նահանգի Բիգ Բենդ շրջանում սահմանային պատի կառուցումը։ Associated Press-ի փոխանցմամբ՝ դատարանի որոշումը չեղարկել է շինարարությունը դադարեցնելու ստորին ատյանի դատավորի հրամանի գործողությունը։
Բիգ Բենդ շրջանում սահմանային պատի կառուցմանը դեմ են արտահայտվել տեղի բնակիչները, հողատերերը, բիզնեսի ներկայացուցիչներն ու բնապահպանական կազմակերպությունները։ Նրանք պնդում են, որ նախագիծը ոչ միայն մեծ ծախսեր է ենթադրում, այլև սպառնում է տարածաշրջանի յուրահատուկ բնությանը, տեղական տնտեսությանն ու կենսակերպին։
Անցյալ ամռանը Կոնգրեսի հանրապետականները նախագծի իրականացման համար հատկացրել են 46 միլիարդ դոլար։ ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայությունը նախատեսում է Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով կառուցել շուրջ 30 ոտնաչափ՝ մոտ 9 մետր բարձրությամբ պողպատե պատեր, մեքենաների համար արգելապատնեշներ և հսկողության տեխնոլոգիական համակարգեր։ Նպատակն է՝ աստիճանաբար ամրացնել ամբողջ՝ շուրջ 2000 մղոն երկարությամբ սահմանը։
Ավելի վաղ Տեխասի դաշնային դատավորը որոշել էր դադարեցնել շինարարությունը՝ նշելով, որ Կոնգրեսը, հավանաբար, բավարար իրավական հիմքեր չի տվել կառավարությանն այդ տարածքում բնապահպանական մի շարք սահմանափակումներից հրաժարվելու համար։ Խոսքը նաև Բիգ Բենդի ազգային պարկի և հարակից պետական ու մասնավոր հողերի մասին է։
Թրամփի վարչակազմը բողոքարկել էր այդ որոշումը՝ պնդելով, որ տարածքում արձանագրվում են սահմանն անօրինական հատելու դեպքեր և թմրանյութերի առգրավումներ։ Մաքսային և սահմանային պաշտպանության ղեկավար Ռոդնի Սքոթը հայտարարել է, որ առանց սահմանային պատնեշների Բիգ Բենդը կարող է գրավիչ տարածք դառնալ թմրակարտելների համար։
Միևնույն ժամանակ, նախագծի քննադատները պնդում են, որ սահմանային անվտանգության ապահովման համար ավելի արդյունավետ կլինի կիրառել ժամանակակից հսկողության տեխնոլոգիաներ և ավելացնել սահմանապահների թիվը։ Նրանց թվում է նաև Տեխասից հեռացող հանրապետական սենատոր Ջոն Քորնինը։
Դատարանի որոշումը դժգոհություն է առաջացրել բնապահպանների և տեղի բնակիչների շրջանում։ Նրանք զգուշացնում են, որ շինարարության վերսկսումը կարող է անդառնալի վնաս հասցնել տարածաշրջանի բնական միջավայրին։