November 10, 2026
Lurer 760985 Facebook image

Աշխարհը մոտենում է պատմության մեջ ամենատաք տարվա գրանցմանը․ գիտնականների գնահատմամբ՝ 2026 թվականը կարող է գերազանցել 2024 թվականին սահմանված ջերմաստիճանային ռեկորդը։ Մոլորակի տաքացմանը նպաստում են կլիմայի փոփոխությունն ու Էլ Նինյոյի բնական կլիմայական երևույթը։

BBC-ի հաղորդմամբ՝ ամերիկյան անկախ հետազոտական Berkeley Earth խմբի մասնագետները 95 տոկոս վստահություն ունեն, որ 2026 թվականը կդառնա դիտարկումների պատմության ամենատաք տարին։ ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունն ավելի զգուշավոր կանխատեսում է ներկայացրել՝ նշելով, որ տարին, ամենայն հավանականությամբ, կհայտնվի գրանցված չորս ամենատաք տարիների շարքում։

Եվրամիության «Կոպեռնիկոս» կլիմայական ծառայության տվյալներով՝ 2026 թվականի հոկտեմբերը գրանցվել է որպես դիտարկումների պատմության ամենատաք հոկտեմբերը։ Տարվա ընթացքում մի շարք երկրներ բախվել են անտառային հրդեհների, ռեկորդային շոգի և այլ ծայրահեղ եղանակային երևույթների։ Գիտնականների խոսքով՝ նման իրադարձությունների հաճախականությունն ու ուժգնությունը մեծանում են գլոբալ տաքացման հետևանքով։

ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Սելեստե Սաուլոյի խոսքով՝ Էլ Նինյոն լրացուցիչ ջերմություն չի ստեղծում, այլ օվկիանոսներից մթնոլորտ է արտազատում արդեն կուտակված ջերմությունը՝ նպաստելով օդի ջերմաստիճանի բարձրացմանը։ Կանխատեսումների համաձայն՝ այս երևույթի ազդեցությունը կարող է շարունակվել նաև 2027 թվականին։

Այս ֆոնին Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկել է ՄԱԿ-ի կլիմայական COP31 գագաթնաժողովը, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների առաջնորդներն ու պատվիրակությունները։ Երկշաբաթյա բանակցությունների ընթացքում քննարկվելու են ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը, վերականգնվող էներգիայի զարգացումը, զարգացող երկրներին կլիմայական ֆինանսավորման տրամադրումը և կլիմայի փոփոխության հետևանքներին հարմարվելու միջոցառումները։

Այս տարվա քննարկումների առանցքային թեմաներից մեկը լինելու է նաև էներգետիկ համակարգերի էլեկտրաֆիկացումը՝ բրածո վառելիքից էլեկտրաէներգիայի անցումը։ Սակայն այդ հարցի շուրջ երկրները տարբեր դիրքորոշումներ ունեն։ Եվրամիությունը պնդում է, որ էլեկտրաֆիկացումը պետք է հիմնված լինի մաքուր էներգիայի աղբյուրների վրա, մինչդեռ որոշ երկրներ շարունակում են բնական գազը դիտարկել որպես ածխին այլընտրանքային վառելիք։

Գիտնականների գնահատմամբ՝ ներկայիս քաղաքականության պայմաններում մինչև դարի վերջ աշխարհը կարող է տաքանալ նախաարդյունաբերական ժամանակաշրջանի համեմատ մոտ 2.8 աստիճանով՝ զգալիորեն գերազանցելով Փարիզի համաձայնագրով սահմանված 1.5 աստիճանի նպատակը։ Նրանք զգուշացնում են, որ ջերմաստիճանի բարձրացումն արդեն իսկ հանգեցնում է ավելի ծայրահեղ եղանակային երևույթների, իսկ հետագա տաքացումը կարող է խորացնել դրանց հետևանքները։