November 10, 2026
Pox-4-440x293-1
Կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կիրառվող «հարմար աշխատանք» հասկացության չափանիշներում։ Մասնավորապես, առաջարկվում է վերանայել աշխատանք փնտրող անձանց առաջարկվող աշխատանքի վարձատրության, աշխատանքի վայրի հեռավորության և տրանսպորտային հասանելիության պահանջները։ Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված և ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից մշակված նախագիծը, ինչպես նաև դրա... Read more »

Կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կիրառվող «հարմար աշխատանք» հասկացության չափանիշներում։ Մասնավորապես, առաջարկվում է վերանայել աշխատանք փնտրող անձանց առաջարկվող աշխատանքի վարձատրության, աշխատանքի վայրի հեռավորության և տրանսպորտային հասանելիության պահանջները։

Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված և ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից մշակված նախագիծը, ինչպես նաև դրա հիմնավորումը՝ պարզելու, թե ինչ պայմաններով աշխատանքը կհամարվի հարմար, ինչ փոփոխություններ են նախատեսվում աշխատանքից հրաժարվելու դեպքում և ինչ նպատակ է հետապնդում նոր կարգավորումը։

Ի՞նչ է փոխվելու «հարմար աշխատանք» հասկացության մեջ

Նախագծով առաջարկվում է հստակեցնել տարածքային կենտրոնում հաշվառված աշխատանք փնտրող անձին առաջարկվող աշխատանքի հարմար լինելու չափանիշները։

Մասնավորապես, առաջարկվում է աշխատանքի վարձատրության չափանիշ սահմանել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը՝ անկախ աշխատանք փնտրող անձի մասնագիտական կրթություն ունենալու հանգամանքից։

Այսինքն՝ աշխատանքը հարմար համարելու համար դրա վարձատրությունը պետք է լինի առնվազն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով։ Ընդ որում, այս պահանջը կկիրառվի ինչպես մասնագիտական կրթություն ունեցող, այնպես էլ չունեցող անձանց նկատմամբ։

Որքա՞ն հեռավորության վրա գտնվող աշխատանքը կհամարվի հարմար

Նախագծով առաջարկվում է փոփոխել նաև աշխատանքի վայրի հեռավորության և տրանսպորտային հասանելիության չափանիշները։

Ըստ առաջարկվող կարգավորման՝ աշխատանքը կհամարվի հարմար, եթե դրա վայրը գտնվում է՝

  • աշխատանք փնտրող անձի բնակության նույն բնակավայրում (Երևանի դեպքում՝ նույն համայնքում),

  • կամ բնակության վայրից մինչև 30 կմ հեռավորության վրա գտնվող այլ բնակավայրում։

Միևնույն ժամանակ, աշխատանքի վայր մեկնելու և վերադառնալու համար անձը պետք է հնարավորություն ունենա օգտվելու առավելագույնը երկու հանրային տրանսպորտային միջոցից։ Գործող կարգավորմամբ այդ թիվը երեքն է։

Այս սահմանափակումը չի տարածվի այն դեպքերի վրա, երբ աշխատանքը կատարվելու է հեռավար։

Այսպիսով, առաջարկվող փոփոխությամբ կնվազի աշխատանքի վայր հասնելու համար թույլատրելի հանրային տրանսպորտային միջոցների առավելագույն քանակը։

Առողջական վիճակը ևս հաշվի կառնվի

Նախագծով առանձին պահանջ է սահմանվում աշխատանք փնտրող անձի առողջական վիճակի վերաբերյալ։

Մասնավորապես, առաջարկվող աշխատանքը պետք է համապատասխանի անձի առողջական վիճակին, և դրա կատարման համար չպետք է առկա լինեն բժշկական հակացուցումներ։

Այդ հակացուցումները պետք է հաստատվեն օրենքով սահմանված կարգով տրված բժշկական եզրակացությամբ։

Այսինքն՝ աշխատանքի համապատասխանությունը գնահատելիս հաշվի կառնվի ոչ միայն դրա վարձատրությունը, գտնվելու վայրը և տրանսպորտային հասանելիությունը, այլև անձի առողջական վիճակը։

Ի՞նչ կլինի, եթե անձը երկու անգամ հրաժարվի հարմար աշխատանքից

Նախագծի հիմնավորման մեջ անդրադարձ է կատարվում նաև աշխատունակ, բայց չաշխատող ընտանիքի անդամների զբաղվածության խթանման մեխանիզմներին։

Մասնավորապես, նշվում է, որ ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի ներդրումից հետո նախատեսվել են կարգավորումներ, որոնց համաձայն՝ երկու անգամ հարմար աշխատանքից հրաժարվելու դեպքում անձին եկամուտ կվերագրվի։

Նախագծի նպատակներից է ապահովել այդ կարգավորման արդյունավետ կիրառումը։ Այդ համատեքստում նախատեսվում է փոփոխել նաև վերագրվող եկամտի չափը։

Այսպիսով, աշխատանքի առաջարկից երկու անգամ հրաժարվելը կարող է հանգեցնել ընտանիքի անապահովության գնահատման ընթացքում եկամտի վերագրման։

Ինչո՞ւ են առաջարկվում փոփոխությունները

Նախագծի հիմնավորման համաձայն՝ փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի ներդրումից հետո գործնականում ի հայտ եկած խնդիրներով։

Նոր համակարգը ներդրվել է ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ։ Այն 2025 թվականի մարտի 17-ից կիրառվում է Սյունիքի և Կոտայքի մարզերում, իսկ 2026 թվականի հուլիսի 1-ից նախատեսվել է դրա ներդրումը հանրապետության ողջ տարածքում։

Նախարարության գնահատմամբ՝ անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել գործող կարգավորումները՝ աշխատանք փնտրող անձանց առաջարկվող աշխատանքի համապատասխանությունը գնահատելու առավել իրատեսական չափանիշներ սահմանելու համար։

Նախագիծը մշակել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը։

Ի՞նչ ազդեցություն կունենա պետական բյուջեի վրա

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Կառավարության ակնկալիքով՝ առաջարկվող փոփոխությունները թույլ կտան առավել հստակեցնել «հարմար աշխատանք» հասկացության կիրառման չափանիշները և բարձրացնել աշխատունակ, բայց չաշխատող ընտանիքի անդամների զբաղվածության խթանման մեխանիզմների արդյունավետությունը։

Նշենք, որ խոսքը կառավարության որոշման նախագծի մասին է․ առաջարկվող փոփոխությունները դեռ պետք է ընդունվեն սահմանված կարգով։