Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի գլխավորած «Կամավորների կոալիցիան» Լեհաստանում սկսել է իր առաջին խոշոր զորավարժությունները՝ նախապատրաստվելով Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո Ուկրաինայում բազմազգ ուժերի տեղակայմանը։
Նոյեմբերի 9-ից մեկնարկած «Կոալիցյա» զորավարժություններին մասնակցում է 11 երկրի շուրջ 2800 զինծառայող։ Վարժանքները կշարունակվեն մինչև նոյեմբերի 22-ը։ Դրանց նպատակն է ստուգել Ուկրաինային աջակցելու և նրա զինված ուժերի վերականգնմանը նպաստելու կոալիցիայի պատրաստվածությունը։
Զորավարժություններն անցկացվում են «Ուկրաինայի բազմազգ ուժեր» (MNF-U) ձևաչափով, որը «Կամավորների կոալիցիայի» ռազմական թևն է։ Մասնակից երկրների թվում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Բելգիան, Էստոնիան, Գերմանիան, Լիտվան, Նիդեռլանդները, Իսպանիան, Շվեդիան և Թուրքիան։
Զորավարժությունների ընթացքում կփորձարկվեն հրամանատարության և կառավարման համակարգերը, զորքերի ու ռազմական տեխնիկայի տեղաշարժը, ինչպես նաև բազմազգ ուժերի համագործակցությունը։ Թուրքական ստորաբաժանումները Սև ծովում կմասնակցեն ականազերծման վարժանքների՝ ուկրաինական նավահանգիստներ առևտրային նավագնացության անվտանգությունն ապահովելու նպատակով։ Դաշնակիցների ինքնաթիռներն էլ կվարժվեն Ուկրաինայի օդային տարածքի պաշտպանությանը՝ քաղաքացիական ավիափոխադրումների անվտանգությունն ապահովելու համար։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ուես Սթրիթինգը հայտարարել է, որ զորավարժությունները վկայում են Լոնդոնի, Փարիզի և դաշնակիցների գործնական պատրաստակամության մասին։ Նրա խոսքով՝ խոսքը հիպոթետիկ ծրագրի մասին չէ, այլ իրական ուժի, որը պատրաստ է աջակցել Ուկրաինային ռազմական գործողությունների դադարեցումից հետո։
Մեծ Բրիտանիայի կառավարությունն ընդգծել է, որ բազմազգ ուժերը Ուկրաինայում կտեղակայվեն միայն Կիևի խնդրանքով և ռազմական գործողությունների ավարտից հետո։ Դրանք չեն իրականացնի խաղաղապահ կամ հրադադարի վերահսկման առաքելություն, այլ կաջակցեն Ուկրաինայի զինված ուժերին՝ ամրապնդելով երկրի անվտանգությունը ցամաքում, օդում և ծովում։
Եվրոպական երկրները վերջին շրջանում ավելի մեծ դեր են ստանձնել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Կիևի նկատմամբ ավելի զուսպ քաղաքականության ֆոնին։