ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հետաքննում է Տեխաս նահանգի Գալվեսթոնից մեկնած զբոսանավի վրա տեղի ունեցած ենթադրյալ սպանության դեպքը։ Գործակալության փոխանցմամբ՝ միջադեպից հետո նավը վերադարձել է նավահանգիստ, իսկ կասկածյալը ձերբակալվել է․ գրում է Associated Press-ը։
ՀԴԲ-ն դեռ չի հայտնել՝ արդյոք կասկածյալին մեղադրանք է առաջադրվել։ Նրա անունը նույնպես չի հրապարակվել՝ մինչև զոհի ընտանիքին համապատասխան տեղեկություն տրամադրելը։
Խոսքը MSC Seascape զբոսանավի մասին է, որը Գալվեսթոնից մեկնելուց հետո իշխանությունների հրահանգով վերադարձել է նավահանգիստ։ MSC Cruises ընկերությունը հայտնել է, որ նավի վրա հյուրերից մեկի հետ կապված միջադեպի մասին տեղեկանալուց հետո համագործակցում է իրավապահների հետ և աջակցություն ցուցաբերում տուժածներին։
Ընկերության փոխանցմամբ՝ անհրաժեշտ գործողություններից հետո զբոսանավը վերսկսել է ճանապարհորդությունը և երկուշաբթի կեսօրին կրկին հեռացել Գալվեսթոնից։
MSC Seascape-ն ունի 2270 խցիկ, ավելի քան 1600 անձնակազմի անդամ և կարող է տեղավորել շուրջ 5900 ուղևորի։ Նավը Գալվեսթոնից Կարիբյան ծով է իրականացնում հինգ և յոթ գիշերվա ուղևորություններ։
Զբոսանավերի վրա սպանության դեպքերը հազվադեպ են։ Այս տարվա սկզբին դեռահասի մեղադրանք էր առաջադրվել սպանության և ծանրացուցիչ հանգամանքներում սեռական բռնության համար՝ Ֆլորիդայի ափերի մոտ Carnival Cruise զբոսանավի վրա իր 18-ամյա խորթ քրոջ մահվան գործով։