Ֆլորիդայի շիմպանզեների ապաստարանի աշխատակիցները ջրհեղեղի պատճառով ստիպված են եղել անօդաչու թռչող սարքի միջոցով սնունդ հասցնել 38-ամյա Քալեբ անունով շիմպանզեին։ Կենդանին մնացել էր ջրով շրջապատված բացօթյա տարածքում, սակայն ապաստարանի մյուս բնակիչների հետ միասին վտանգից զերծ է մնացել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Ուժեղ անձրևների հետևանքով Ֆլորիդայի հարավ-արևելքում և կենտրոնական հատվածներում ջրանցքները վարարել են, իսկ ապաստարանի ներքին ճանապարհները հայտնվել են ջրի տակ։ Արդյունքում աշխատակիցները չեն կարողացել սովորական եղանակով՝ գոլֆի մեքենաներով, կենդանիներին օրական անհրաժեշտ շուրջ 1360 կիլոգրամ սնունդ հասցնել։
Ապաստարանի աշխատակիցները որոշ ժամանակ առաջ նման արտակարգ իրավիճակների համար հատուկ առաքման դրոն էին ձեռք բերել։ Դրա միջոցով Քալեբին հասցրել են սնունդ և վերմակներ, մինչև շիմպանզեն ինքնուրույն տեղափոխվել է ավելի հասանելի տարածք։ Ապաստարանի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է կենդանին դրոնից նետված թղթե տոպրակից հանում բանանն ու ուտում։
Մյուս շիմպանզեներին սնունդ, դեղորայք և անհրաժեշտ պարագաներ են հասցրել բեռնատարներով, տրակտորով, ինչպես նաև աշխատակիցներից մեկի անձնական մեքենայով։ Ապաստարանի տնօրեն Մարկ Յոհանանի խոսքով՝ կենդանիները շարունակել են ժամանակին ստանալ իրենց սնունդը և չեն կորցրել ուժերը։
Ջրի մակարդակը զգալիորեն նվազել է շաբաթվա վերջին, և շաբաթ օրը ապաստարանի ճանապարհների մոտ 20 տոկոսն արդեն ազատվել էր ջրից։ Կազմակերպությունը նաև դիմել է հանրությանը՝ ջրհեղեղից վնասված շենքերն ու սարքավորումները վերականգնելու համար աջակցություն ստանալու նպատակով։
«Փրկեք շիմպանզեներին» կազմակերպությունը հիմնադրվել է 1997 թվականին և մինչ օրս խնամել է շուրջ 350 շիմպանզեի, որոնք փրկվել են հետազոտական լաբորատորիաներից, կենդանիների առևտրից և զվարճանքի ոլորտից։