November 7, 2026
Lurer 760302 Facebook image

Կրեմլը տեղեկություն չունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած՝ Ուկրաինայի հարցով հնարավոր «մեծ համաձայնագրի» մանրամասների մասին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը դեռ չի վերադարձել ԱՄՆ-ից և չի զեկուցել Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին։

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ հանդիպել է Դմիտրիևի հետ, որը ԱՄՆ էր ժամանել՝ մասնակցելու առաջին տիկին Մելանյա Թրամփի կազմակերպած ընդունելությանը։ ԱՄՆ նախագահը նաև հայտարարել էր «մեծ ու հիանալի համաձայնագրի» հնարավորության մասին, որը, նրա խոսքով, կարող է վերաբերել ամբողջ Եվրոպային, և որից բոլորը գոհ կմնան։ Սակայն համաձայնագրի բովանդակության վերաբերյալ մանրամասներ չէր ներկայացրել։

Մեկնաբանելով Թրամփի հայտարարությունը՝ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը եվրոպական երկրներից անվտանգության ընդհանուր ճարտարապետության շուրջ քննարկումներ սկսելու որևէ առաջարկ չի ստացել։

Նա հավելել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ անվտանգության երաշխիքների ու Եվրոպայում ապագա անվտանգության համակարգի հարցերը քննարկելիս եվրոպական կողմի մասնակցությունն անհրաժեշտ կլինի։ Միևնույն ժամանակ, Պեսկովի խոսքով, եվրոպական երկրները դեռ չեն կարողանում որոշել, թե ով կարող է ներկայացնել իրենց այդ բանակցություններում։