Չինաստանի իշխանությունները բանակցություններ են վարում Իրանի և Սաուդյան Արաբիայի հետ՝ Հորմուզի նեղուցով նավարկության բացման լուծում մշակելու համար: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը։
«Մերձավոր Արևելքում ընթացիկ էսկալացիայի պայմաններում Չինաստանը պատրաստ է ամրապնդել շփումներն ու երկխոսությունը Սաուդյան Արաբիայի, Իրանի և տարածաշրջանի այլ երկրների հետ», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Էր Ռիադի և Թեհրանի կողմից Չինաստան ուղարկված ազգային անվտանգության պաշտոնյաների վերջին այցերը։
Ինչպես պարզաբանել է պաշտոնական ներկայացուցիչը, հանդիպումների ընթացքում Չինաստանի արտգործնախարար Վան Ին նրանց հետ մտքեր է փոխանակել Պարսից ծոցի տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ։ Կողմերը նշել են, որ կայունությունը «կարևոր է ապահովելու ոչ միայն այս տարածաշրջանի երկրների և ժողովուրդների բարեկեցությունը, այլև էներգետիկ ռեսուրսների միջազգային մատակարարումները՝ պահպանելով խաղաղությունն ու անվտանգությունը ողջ աշխարհում»: