Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ արտասահմանյան հատուկ ծառայությունները հանցավոր ֆինանսական գործարքները քողարկելու համար կիրառում են նորագույն տեխնոլոգիաներ։ Այս մասին նա հայտարարել է «Ռոսֆինմոնիթորինգ» դաշնային ծառայության հիմնադրման 25-ամյակի առթիվ։
Պուտինի խոսքով՝ ստեղծված պայմաններում կարևոր է կատարելագործել գերատեսչության աշխատանքը։ Նա նշել է, որ «Ռոսֆինմոնիթորինգը» ձևավորել է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարի ժամանակակից և արդյունավետ համակարգ։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ ծառայությունը պետք է արդյունավետորեն օգտագործի ֆինանսական հետախուզության գործիքները և ակտիվորեն ներդնի արհեստական բանականության տեխնոլոգիաները։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ֆինանսական հետախուզությունն աշխատում է միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան, իսկ որոշ ուղղություններով նույնիսկ գերազանցում է դրանք։
Պուտինը նաև անհրաժեշտ է համարել խստացնել շուկայում կասկածելի գործարքների նկատմամբ վերահսկողությունը՝ միաժամանակ բարեխիղճ մասնակիցների համար պարզեցնելով ֆինանսական մոնիթորինգի ընթացակարգերը։
Նա ընդգծել է, որ ֆինանսական համակարգի թափանցիկությունն ու պաշտպանվածությունը Ռուսաստանի գլոբալ մրցունակության կարևորագույն գործոններից են։