Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանին նոյեմբերի 6-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնում է էմիրի գրասենյակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային իրավիճակը։
Առաջնորդներն անդրադարձել են Կատարի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական հարաբերություններին, ինչպես նաև դրանց ամրապնդման հնարավորություններին։ Քննարկվել են նաև տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված դիվանագիտական ջանքերը։
Մասնավորապես, կողմերը քննարկել են Դոհայի նախաձեռնությունները՝ շահագրգիռ կողմերի դիրքորոշումները մերձեցնելու և բանակցային գործընթացին աջակցելու ուղղությամբ։ Նպատակն է հասնել համապարփակ համաձայնագրի, որը հնարավորություն կտա ավարտել ճգնաժամը և ապահովել տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը։
Կատարի էմիրը կարևորել է երկխոսության շարունակությունն ու դիվանագիտական միջոցների կիրառումը՝ տարաձայնությունները կարգավորելու և տարածաշրջանում հետագա սրացումը կանխելու համար։ Նա նաև ընդգծել է նավագնացության ազատության և էներգամատակարարման անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։
Կատարը միջնորդական դեր է ստանձնել Իրանի և Միացյալ Նահանգների միջև։ Թեհրանը պարբերաբար Կատարի միջնորդների միջոցով առաջարկներ է փոխանցում Վաշինգտոնին։